Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Վ.Թ.-ն և այլոք ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը՝ Ադրբեջանին մեղավոր ճանաչելով 2016 թվականի ապրիլին մայոր Հայկ Թորոյանի խոշտանգումների և դաժան սպանության մեջ:
Ստրասբուրգյան դատարանը սահմանել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների արգելում) հոդվածները:
Գործը վերաբերում է 1985 թվականին ծնված մայոր Թորոյանին, ով սպանվել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ՝ Թալիշ գյուղի մոտակայքում: Ըստ գործի նյութերի՝ 2016 թվականի ապրիլի 2-ին հայ սպան և նրա վարորդը բեռնատարով զինամթերք էին տեղափոխում դիրքեր, երբ հայտնվել են ադրբեջանական զինուժի շրջափակման մեջ և ենթարկվել ինտենսիվ գնդակոծության:
ՄԻԵԴ-ը հիմնավոր է համարել հայկական կողմի իրականացրած դատաբժշկական փորձաքննությունը, ըստ որի՝ գնդակոծությունից հետո հայ սպան ողջ է եղել ևս 30 րոպեից մինչև 2 ժամ, սակայն ի վիճակի չի եղել ինքնուրույն տեղաշարժվել: Մահից վայրկյաններ առաջ ադրբեջանցի զինվորները կտրել են նրա երկու ձեռքերը, մահվան անմիջական պատճառը եղել է գլխատումը, որն իրականացվել է, երբ սպան դեռ ողջ է եղել:
Ադրբեջանական կողմը փորձել է հերքել իր պատասխանատվությունը՝ պնդելով, թե տարածքը չի գտնվել իր վերահսկողության տակ և իրենք չեն կարողացել ստուգել դեպքի հանգամանքները: ՄԻԵԴ-ը, սակայն, մերժել է Բաքվի փաստարկները:
ՄԻԵԴ-ն արձանագրել է.
- Կյանքի իրավունքի խախտում (Հոդված 2). Սպան սպանվել է ադրբեջանցի զինվորների կողմից այն բանից հետո, երբ արդեն վիրավոր էր և չէր կարող ինքնապաշտպանվել, ինչը հակասում է միջազգային հումանիտար իրավունքին:
- Խոշտանգումների արգելում (Հոդված 3). Մինչև մահը զոհը ենթարկվել է դաժան ֆիզիկական բռնության:
- Բարոյական տառապանք հարազատներին. Դատարանը ճանաչել է նաև սպայի հարազատների կրած հոգեկան ծանր տառապանքը, քանի որ մարմնի կտրված մասերը այդպես էլ չեն վերադարձվել, և նրանք զրկվել են հարազատին պատշաճ հուղարկավորելու հնարավորությունից:
Դատարանն Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է, որպես բարոյական վնասի փոխհատուցում, զոհվածի հարազատներին վճարել 90,000 եվրո:
Սպայի շահերը Ստրասբուրգում ներկայացրել են փաստաբաններ Արտակ Զեյնալյանը, Արա Ղազարյանը, Հասմիկ Հարությունյանը և Անահիտ Մելքոնյանը:






