ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը (IMO) հայտարարել է, որ նախատեսում է տարհանել Հորմուզի նեղուցի շրջանում մնացած ավելի քան 11 հազար նավաստիների, որոնք այնտեղ էին մնացել ԱՄՆ-Իրան հակամարտության հետևանքով։ Այդ մասին հաղորդում է «BBC»-ն։
IMO-ի գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսի խոսքով՝ լայնածավալ միջոցառում կիրականացվի Իրանի, Օմանի, ԱՄՆ-ի և տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ։ Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ որևէ երկիր իրավունք չունի վճարներ կամ տուրքեր սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, քանի որ այն միջազգային ջրային ուղի է։
«Ոչ մի պետություն չի կարող տուրքեր գանձել միջազգային ջրային ճանապարհում։ Դա միջազգային իրավունքի պահանջ է», – հայտարարել է Ռուբիոն։
Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային էներգակիրների զգալի մասը, փաստացի փակվել էր փետրվարի վերջին սկսված ռազմական գործողություններից հետո, ինչի հետևանքով նավթի համաշխարհային գները կտրուկ աճել էին, իսկ հարյուրավոր նավեր մնացել էին սպասման մեջ։ Վերջին տվյալներով՝ հրադադարի համաձայնագրից հետո նեղուցով արդեն անցել է առնվազն 172 նավ, սակայն երթևեկության ծավալները դեռևս զգալիորեն ցածր են նախապատերազմյան մակարդակից։ «BBC Verify»-ի տվյալներով՝ ավելի քան 200 տանկեր դեռ սպասում են նեղուցի տարածքում։








