Իսրայելի ավիահարվածի հետևանքով Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Դեյր ալ-Բալահ քաղաքում զոհվել է առնվազն երեք մարդ, այդ թվում՝ ութամյա երեխա։ Տեղական առողջապահական ծառայությունների տվյալներով՝ հարվածի հետևանքով ևս մի քանի մարդ վիրավորվել է։
Հաղորդվում է նաև, որ իսրայելական ռազմական տեխնիկան առաջ է շարժվել նաև Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարի Սալահ ադ-Դին փողոցի ուղղությամբ՝ ուղեկցվելով հրաձգությամբ և հրետակոծությամբ։ Հյուսիսային Գազայի Բեյթ Լահիա բնակավայրում ևս երկու մարդ վիրավորվել է հրետակոծության հետևանքով։ Չնայած անցած տարվա հոկտեմբերից գործող հրադադարի համաձայնագրին՝ Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Միայն կիրակի օրը իսրայելական հարվածների հետևանքով զոհվել էր առնվազն չորս պաղեստինցի, այդ թվում՝ 13-ամյա մի աղջիկ, ևս մի քանի մարդ վիրավորվել էր։
Գազայի կառավարության Մեդիա գրասենյակի տվյալներով՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո զոհվել է 1 045 պաղեստինցի, վիրավորվել՝ 3 380-ը։ Գրասենյակը նաև հայտարարել է, որ արձանագրել է հրադադարի շուրջ 3 465 խախտում՝ Իսրայելի կողմից։ Իր հերթին Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերից սկսված պատերազմի ընթացքում Գազայում զոհվածների հաստատված թիվը հասել է 73 054-ի, իսկ վիրավորներինը՝ 173 480-ի։ Միաժամանակ Իսրայելը շարունակում է ընդլայնել իր վերահսկողության տակ գտնվող տարածքները Գազայի հատվածում և նոր տեղահանման հրամաններ արձակել բնակչության համար։ Իսրայելական կողմը հայտարարել է, որ պաղեստինցիներին արգելվում է մոտենալ այսպես կոչված «Դեղին գծից» այն կողմ գտնվող տարածքներին։ Եթե հրադադարի սկզբում այդ գոտին ընդգրկում էր Գազայի տարածքի 53 տոկոսը, ապա մարտ ամսվա դրությամբ այն արդեն հասել էր 64 տոկոսի։
Վերջին օրերին իսրայելական ռազմական տեխնիկան կենտրոնական Գազայում «Դեղին գծի» սահմանային նշանները տեղափոխել է ևս մոտ 150 մետր դեպի արևմուտք։ Իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ իսրայելական ուժերը պետք է վերահսկողություն հաստատեն Գազայի հատվածի շուրջ 70 տոկոսի նկատմամբ։







