Իրանը հայտարարել է, որ չի պատրաստվում հանդիպել տարածաշրջան ժամանած ամերիկացի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչը կասկածի տակ է դնում երկու երկրների միջև երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի հեռանկարները, այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Դոհա են ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, սակայն Թեհրանն ու Կատարը հայտնել են, որ ամերիկյան պատվիրակությունը հանդիպումներ կունենա միայն միջնորդների, այլ ոչ թե իրանցի պաշտոնյաների հետ։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով հանդիպում նախատեսված չէ։ Նրա խոսքով՝ նախ անհրաժեշտ է վերջնականապես համաձայնեցնել երկու շաբաթ առաջ ձեռք բերված հրադադարի պայմանները, և միայն դրանից հետո հնարավոր կլինի քննարկել ավելի բարդ հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ սահմանափակումները։
Միաժամանակ Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երթևեկության կարգավորման հարցում ունի ինքնիշխան իրավունք և օգոստոսի կեսերից նախատեսում է սահմանել նեղուցով անցնող նավերի վճարներ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իր հերթին, հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա, որպեսզի Իրանը վճար գանձի միջազգային ջրային ուղով անցնող նավերից։







