Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հուլիսի 7-ի առավոտյան երկու պայթյուն է որոտացել, կա 18 տուժած։ Պայթյունները տեղի են ունեցել «Four Seasons» հյուրանոցից ոչ հեռու, որտեղ հանգրվանել է պաշտոնական այցով Սիրիա ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
AFP-ի փոխանցմամբ՝ ռումբերից մեկը տեղադրված է եղել աղբամանում, իսկ մյուսը՝ հյուրանոցի մոտ կայանված ավտոմեքենայի մեջ։
Ըստ «Al Arabiya»-ի՝ Մակրոնի ավտոշարասյունը հյուրանոցի տարածքը լքել է պայթյուններից կարճ ժամանակ առաջ։ Ելիսեյան պալատից հայտնել են, որ նախագահական շարասյան ներսում պայթյունների ձայները լսելի չեն եղել։ Մակրոնն ուղևորվել է Սիրիայի նախագահական պալատ՝ հանդիպելու այդ երկրի առաջնորդ Ահմադ ալ-Շաարայի հետ:
Հիշեցնենք, որ Մակրոնը Սիրիա է մեկնել հուլիսի 6-ին՝ դառնալով Արևմտյան Եվրոպայի առաջին առաջնորդը, որն այցելել է երկիր Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։







