Regionmontor.com-ը ներկայացնում է հունիսի 5-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։
Թուրքիայում հունիսի 4-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 21 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նախարարը նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 54․234 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 988 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 21 դեպք, իսկ ապաքինման 926 դեպք: Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 131.778 մարդ, իսկ 602 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 167․410, իսկ մահվան 4․630 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․209․583-ի։
Ադրբեջանում հունիսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 262 նոր դեպք, 72 մարդ ապաքինվել է, 2 մարդ՝ մահացել։Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանում գրանցվել է վիրուսով վարակման 6552 դեպք, 3737 մարդ ապաքինվել է, 78 մարդ՝ մահացել։ Ներկայում հիվանդանոցում բուժվում է 2707 մարդ, որից 64-ի վիճակը ծանր է, 75-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն։ Մինչ այժմ կատարվել է 322․574 թեստ։
Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, իսկ ապաքինվածների թիվը ավելացել է 6-ով, այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stopcov.ge կայքէջը: Այսպիսով, հաստատված 805-ից բուժվողների թիվը կազմում է 142, մահացածների թիվը՝ 13, իսկ բուժված անձանց՝ 650: Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 2 955, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 276:
Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2886-ով՝ կազմելով 167 156: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 3574 էր։ Նույն ժամանակահատվածում մահվան 63 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 8134: Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 59 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 129 741: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 127 485 էր։ 2573 հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Մինչ օրս 1 400 289 թեստ է անցկացվել։
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 596-ով՝ հասնելով 11 հազար 817-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 45-ով և հասել 3 հազար 513-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 65 հազար 161 է: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 183-ի, կորոնավիրուսով վարակված ևս 69 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 52 մարդ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի: Առայսօր հիվանդությունը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն առողջացել են, 26-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 69 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 1131 է: