ԱՄՆ-ը շարունակել է ռազմական գործողությունները Իրանի դեմ՝ արդեն 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ հասցնելով երկրի տարբեր շրջաններին։ Միաժամանակ Թեհրանը հայտարարել է, որ եթե իր անվտանգությունը չերաշխավորվի, ապա Պարսից ծոցի տարածաշրջանում «ոչ մի ենթակառուցվածք անվտանգ չի լինի»։ Այս մասին հայտնել է «Al Jazeera»-ն։
ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հարվածների նպատակն է «նվազեցնել Իրանի հնարավորությունները՝ սպառնալու քաղաքացիական նավարկությանը և տարածաշրջանային ջրերով անցնող առևտրային նավերին»։
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարվածներ են հասցվել Բուշեհրում, Ահվազում, Ջասքում, Անդիմեշքում և Սիրիկում։ Խուզեստան նահանգի փոխնահանգապետը հայտնել է, որ Իրաքի հետ սահմանին գտնվող Շալամչեի անցակետի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ 11 մարդ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին՝ ընդգծելով, որ դրանք ուղղված են բացառապես ԱՄՆ-ի, այլ ոչ թե Քուվեյթի դեմ։ Քուվեյթը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումը։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ Ալի ալ-Սալեմ ավիաբազայում ոչնչացվել են ռազմական տեխնիկայի մեծ պահեստ, Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգ, MQ-9 անօդաչու թռչող սարքերի անգար, ինչպես նաև թիրախավորվել են ամերիկացի զինծառայողների կացարանները, ուղղաթիռների երկու անգար և կապի աշտարակ։
Իրանական կողմը նաև հայտարարել է Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների վրա հարձակումների մասին՝ նշելով, որ խոցվել են THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադար, Patriot համակարգ, C-RAM ռադար և ուղղաթիռների անգար։
Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ եթե Իրանը չկարողանա ապահովել սեփական անվտանգությունը, ապա տարածաշրջանում որևէ երկիր չի կարողանա ապահով կերպով արտահանել նավթ։
«Այն տարածաշրջանում, որտեղ մենք չենք կարող նավթ վաճառել, ոչ ոք չի վաճառի նավթ։ Եթե մեր անվտանգությունը չապահովվի, ոչ մի ենթակառուցվածք անվտանգ չի լինի»,- գրել է նա X-ում։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր նոր հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին։







