Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Իրանից ժամանակավորապես դուրս է բերել երկրում մնացած դիվանագիտական անձնակազմին՝ տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վատթարացման և Իրանի ու ԱՄՆ-ի միջև լարվածության սրման ֆոնին։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ դեսպանատունը շարունակում է գործել հեռավար ռեժիմով։
Լոնդոնը դեռ հունիսին էր տարհանել Իրանում իր դեսպանատան աշխատակիցների մի մասին՝ հետևելով մի շարք եվրոպական երկրների, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի օրինակին։ Այդ քայլերը հաջորդել էին Իրանի տարածքում Իսրայելի ավիահարվածներին։
Բրիտանական արտաքին գերատեսչությունը չի հայտնել, թե քանի դիվանագետ է դուրս բերվել երկրից։
Միաժամանակ նախարարությունը շարունակում է խորհուրդ տալ զերծ մնալ Իրան ցանկացած ուղևորությունից և կոչ է անում Իրանում գտնվող Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին լրջորեն գնահատել երկրում մնալու հետ կապված ռիսկերը։
Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության աճը վերջին շաբաթներին հանգեցրել է մի շարք երկրների կողմից Իրանում դիվանագիտական ներկայության կրճատման և անվտանգության նախազգուշացումների ուժեղացման։







