Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Աիդա Ազատյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությունում նվաճել է իր երկրորդ ոսկե մեդալը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Շարժվող թիրախի ուղղությամբ կրակոցների (նորմալ վազք) մրցաձևում Ազատյանը որակավորման փուլում վաստակել է 561 միավոր և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակչում հայ մարզուհին 6:4 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչին, իսկ եզրափակչում 8:6 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ՝ դառնալով երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն։
Ավելի վաղ Աիդա Ազատյանը հաղթել էր նաև շարժվող թիրախի ուղղությամբ կրակոցների «խառը վազք» մրցաձևում՝ հավաքելով 379 միավոր և նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը։








