Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, թե Ռուսաստանը կարող է Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավել Հյուսիսային Կորեայի ևս 30 հազար զինծառայող։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում մեկնաբանել այդ տեղեկությունները։ «Զելենսկին չէ, որ պետք է խոսի մեր ծրագրերի մասին»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Զելենսկին հայտարարել էր, որ Վորոնեժի մարզում, իր տեղեկություններով, նախապատրաստվում են Հյուսիսային Կորեայից 30 հազար զինծառայողի ժամանմանը։
Միևնույն ժամանակ, Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոյ Սոն Հին հայտարարել է, որ երկրի իշխանությունը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան տեղի ունեցողը դիտարկում է որպես Ռուսաստանի պայքար՝ իր պետական ինքնիշխանությունը պահպանելու համար։







