Իսրայելի բանակի, հետախուզական և դիվանագիտական կառույցների շուրջ 600 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել ճնշում գործադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ դադարեցնելու Հորդանան գետի Արևմտյան ափում իսրայելցի վերաբնակիչների կողմից իրականացվող բռնությունները: Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն։
Նախկին պաշտոնյաները Թրամփին ուղղված նամակում նշել են, որ Արևմտյան ափում բռնությունների աճը կարող է ապակայունացնել տարածաշրջանը և լուրջ հետևանքներ ունենալ Իսրայելի, ԱՄՆ-ի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Նրանք Թրամփին կոչ են արել այդ հարցը բարձրացնել Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ աղբյուրի՝ նամակը հրապարակվել է այն բանից հետո, երբ վերջին օրերին Արևմտյան ափում զինված բախումներ են գրանցվել, որոնց հետևանքով կան նաև զոհեր:
Նամակի հեղինակներն ընդգծել են, որ Իսրայելի գործող կառավարության որոշ նախարարներ անձամբ են հովանավորում վերաբնակիչների գործողությունները, պաշտպանում նրանց օրենքից և խոչընդոտում պատասխանատվության ենթարկելուն։ Հեղինակների խոսքով՝ միայն Թրամփը կարող է ճնշում գործադրել Նեթանյահուի վրա և կանխել իրավիճակի վերջնական սրումը:
Նշենք, որ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո Իսրայելը իր վերահսկողության տակ է վերցրել Հորդանան գետի Արևմտյան ափը։ Այդ տարածքներում, որոնք պաղեստինցիները համարում են իրենց ապագա պետության հիմքը, Թել Ավիվը հիմնել է իսրայելական բնակավայրեր։ Այսօր Արևմտյան ափում ապրում է շուրջ 500,000-700,000 իսրայելցի վերաբնակիչ։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, այս բնակավայրերն անօրինական է համարում։







