Օգոստոսի 4-6-ն Իսրայելն ու Լիբանանը Հռոմում կանցկացնեն բանակցությունների հերթական փուլ, որին մասնակցելու են նաև ԱՄՆ ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է «Axios»-ը։
Հանդիպմանը քննարկվելու է հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերման գործընթացի ընդլայնումը, ինչպես նաև Իսրայելի և Լիբանանի միջև սահմանային վեճերի կարագավորումը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ Հռոմում անցկացվող տեխնիկական խորհրդակցությունների հիմնական նպատակը կողմերի միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագրի լիարժեք իրականացումն է, որով նախատեսում է Լիբանանում նոր «փորձնական գոտիների» ստեղծում, որտեղից պետք է դուրս բերվեն իսրայելական ուժերը, ինչպես նաև սահմանային վեճերի կարգավորում և խաղաղության ու անվտանգության համապարփակ համաձայնագրի մշակում։
Հիշեցնենք,որ հուլիսի 15-ին Հռոմում կայացած բանակցությունների վեցերորդ փուլից հետո կողմերը պայմանավորվել էին ստեղծել առաջին «փորձնական գոտին», իսկ հուլիսի 20-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Լիբանանում արդեն գործում են երեք նման գոտիներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հուլիսի 21-ին Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը կքննարկի Իսրայելի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը՝ Լիբանանի տարածքից նրա զորքերի դուրսբերմանը հասնելու համար։
Իսրայելն ու Լիբանանը շրջանակային համաձայնագիրը ստորագրել էին հունիսի 26-ին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված բանակցությունների հինգ փուլից հետո։ Դրա համաձայն՝ Լիբանանի զինված ուժերը պետք է աստիճանաբար վերականգնեն երկրի ողջ տարածքի նկատմամբ վերահսկողությունը, իսկ Իսրայելը պետք է դուրս բերի իր զորքերը զբաղեցրած տարածքներից։







