ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:
Ըստ հրապարակման՝ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։
«Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ-ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների ս/թ մայիսի 29-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո»,- նշվել է հաղորդագրությունում։
Փաշինյանը նաև ընդգծել է բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու ՀՀ Կառավարության պատրաստակամությունը։







