Հայաստանն ու Իրանը քննարկում են «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման հնարավորությունները։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս գործող ծրագիրը հաջողությամբ իրականացվում է, սակայն կողմերն ունեն փոխադարձ մատակարարումների ծավալներն ավելացնելու ներուժ։
«Իրանն ունի լրացուցիչ էլեկտրաէներգիայի կարիք, իսկ Հայաստանը՝ բնական գազի։ Մենք հաջողությամբ իրականացնում ենք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը, և ակնհայտ է, որ դրա ընդլայնման հնարավորություններ կան»,- նշել է նախարարը։
Խուդաթյանի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի ծրագրի ընդլայնման բոլոր մանրամասները, այդ թվում՝ իրականացման ժամկետները։
Միաժամանակ նախարարը հերքել է այն պնդումները, թե այս նախաձեռնության նպատակն է ռուսական գազին այլընտրանք գտնել։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է գործող համագործակցության զարգացմանը, այլ ոչ թե մատակարարումների աղբյուրների փոխարինմանը։







