Ուկրաինայի ռազմական օմբուդսմեն Օլգա Ռեշետիլովան հայտարարել է, որ «72 երկրի շուրջ 16 հազար օտարերկրացի կամավոր մասնակցում է Ուկրաինայի պաշտպանությանը»։ Նրանց մոտ 40%-ը Լատինական Ամերիկայի երկրների քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Ըստ Ռեշետիլովայի՝ 2026 թվականի հունվարի վերջից սկսած պատերազմի օտարերկրացի մասնակիցներից, նրանց ընտանիքի անդամներից և լիազորված անձանցից ստացվել է ավելի քան 300 դիմում-բողոք, որոնց մեծ մասը վերաբերել է ֆինանսական և նյութական ապահովմանը, մասնավորապես՝ հավելյալ վարձատրության և միանվագ դրամական օգնության վճարումներին։
Ռազմական օմբուդսմենը նաև ընդգծել է, որ իր գրասենյակում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը զբաղվում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող զինծառայողների խնդիրներով։
Նշենք, որ Ուկրաինայում ռազմական օմբուդսմենի ինստիտուտը ստեղծվել է 2024 թվականի վերջին։ Երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջին ռազմական օմբուդսմեն է նշանակել լրագրող և իրավապաշտպան Օլգա Ռեշետիլովային:








