Եմենի՝ Իրանի աջակցությունը վայելող հութիները հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Եմենի Կարմիր ծովի ափին գտնվող Ալ Մոխա նավահանգստին, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի Ջիզան քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին, հայտնել է «Al Jazeera»-ն։
Հութիների ռազմական գծով խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ Ալ Մոխայում հարվածի թիրախում են եղել Սաուդյան Արաբիայի զինծառայողներն ու ռազմական տեխնիկան։ Նրա խոսքով՝ գործողության ընթացքում կիրառվել են մեծ թվով բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
Եմենի տրանսպորտի նախարարությունը դատապարտել է հարձակումը՝ հայտնելով, որ նավահանգստի ենթակառուցվածքներին լուրջ վնաս է հասցվել։ Եմենի ռազմական գերատեսչության ներկայացուցչի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ։
Միաժամանակ Սաուդյան Արաբիայի Ջիզան քաղաքում հրդեհ է բռնկվել պետական «Արամքո» նավթային ընկերությանը պատկանող նավթավերամշակման գործարանում։ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ հրդեհը մարվել է, տուժածներ չկան։ Գերատեսչությունը չի նշել հրդեհի պատճառը։
Ավելի ուշ հութիները ստանձնել են գործարանի վրա հարձակման պատասխանատվությունը։ Յահյա Սարիի խոսքով՝ Ջիզանի նավթավերամշակման գործարանին հարված է հասցվել անօդաչու թռչող սարքով, և «հարվածը ճշգրիտ է եղել»։ Նա նշել է, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի Սաադա և Հաջա նահանգների օդային տարածքի ենթադրյալ խախտումների։
Սաուդյան Արաբիան հութիների պնդման վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չի ներկայացրել։
Հութիները վերջին շաբաթներին մի շարք հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նրանք նախկինում հայտարարել էին Ջիզանում «Արամքո»-ի օբյեկտների, ինչպես նաև երկրի արևմտյան ափի նավթի արտահանման կարևոր կենտրոններից Յանբուի նավթային ենթակառուցվածքների թիրախավորման մասին։







