Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնության հասնելու հեռանկարները զգալիորեն բարդացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանից փոխհատուցում է պահանջել ամերիկյան օբյեկտների դեմ հարձակումների, ԱՄՆ զինծառայողների և Իրանում ցուցարարների մահվան համար։ Այս մասին հայտնում է «Reuters» լրատվական գործակալությունը։
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է Իրանից «տարիներ շարունակ պատճառված վնասների» փոխհատուցում պահանջել։ Թրամփի պնդմամբ՝ Թեհրանը պետք է պատասխանատվություն կրի նաև Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայի հատվածում «մարդկանց մահվան ու հասցված ավերածությունների համար»։
ԱՄՆ-ի այս նոր պահանջն անմիջապես ազդել է նաև միջազգային շուկայի վրա. Հորմուզի նեղուցի վերաբացման անորոշության պատճառով նավթի համաշխարհային գները բարձրացել են շուրջ 5 տոկոսով։
Թրամփի կոշտ հայտարարությունից առաջ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտնել էր, որ Հորմուզի նեղուցով նոր երթուղի սահմանելու շուրջ Օմանի հետ բանակցություններն ընթանում են «սահուն և կառուցողական» մթնոլորտում։ Ըստ իրանական կողմի՝ Թեհրանն ու Մասկատն արդեն համաձայնեցրել են նավագնացության երթուղիների քարտեզը, թեև որոշ տեխնիկական հարցեր դեռևս մնում են չլուծված։
Միևնույն ժամանակ Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը կախված է Իրանի դեմ ԱՄՆ ծովային շրջափակման վերացումից:








