Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եգիպտոսի միացումը Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված ռազմական համաձայնագրին հնարավոր է։ Այս մասին նա ասել է Al Jazeera-ին տված հարցազրույցում։
Էրդողանի խոսքով՝ համաձայնագիրը բաց է նաև այլ երկրների մասնակցության համար։
Հարցազրույցի ընթացքում Էրդողանն անդրադարձել է նաև Թուրքիայի՝ «F-35» կործանիչների ծրագրին վերադառնալու հարցին։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից այդ հարցում խոստում է ստացել և ակնկալում է, որ այն կկատարվի։
Հիշեցնենք, որ Թուրքիան «F-35» ծրագրից հեռացվել էր 2019 թվականին՝ Ռուսաստանից «S-400» հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելուց հետո։ ԱՄՆ-ը պնդում էր, որ այդ համակարգերի օգտագործումը կարող է վտանգել «F-35»-ի տեխնոլոգիաների անվտանգությունը։
Հավելենք, որ «Մեքքայի համաձայնագիրը» ստորագրվել է Մեքքայում՝ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի կողմից։ Այն նախատեսում է, որ երեք երկրներից որևէ մեկի վրա զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլորի վրա։







