Իսրայելը հաստատել է, որ հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աբու ալ-Դուհուր ռազմական օդանավակայանին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի պնդմամբ՝ Թուրքիան պատրաստվում էր այնտեղ զինվորականներ տեղակայել, ինչն, ըստ իսրայելական կողմի, կարող էր սպառնալ երկրի անվտանգությանը։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:
Սիրիական պետական լրատվամիջոցների տվյալներով՝ Իսրայելն օդանավակայանին ութ հարված է հասցրել՝ թիրախավորելով թռիչքուղին և պահեստային տարածքները։ Հաղորդվում է, որ հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ Թել Ավիվը Սիրիային բազմիցս զգուշացրել էր թուրքական ուժերի հնարավոր տեղակայման մասին, սակայն Դամասկոսն անտեսել է այդ նախազգուշացումները։ Միևնույն ժամանակ, Թուրքիան հերքել է Իսրայելի պնդումները՝ դրանք անվանելով անհիմն։ Թուրքիայի իշխանությունների խոսքով՝ Աբու ալ-Դուհուրի օդանավակայանում թուրքական զինված ուժերի ներկայություն չի եղել, և Իսրայելը փորձում է իր հարվածները ներկայացնել որպես արդարացված գործողություն։
ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Թոմ Բարաքն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը փորձում է Իսրայելի, Թուրքիայի և Սիրիայի միջև ռազմական գործողությունների կանխարգելման և կողմերի միջև հաղորդակցության մեխանիզմ ստեղծել։ Նրա խոսքով՝ Թուրքիան նախապես տեղեկացված չի եղել իսրայելական հարվածների մասին, ինչն իր հերթին կարող էր հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը։
Ըստ «Al Jazeera»-ի՝ իսրայելական հարվածը կարող էր ուղերձ լինել, որ Թել Ավիվը դեմ է Սիրիայի ռազմական ավիացիայի վերականգնմանը, հատկապես՝ Թուրքիայի աջակցությամբ։
«Al Jazeera»-ի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելը հարվածներ է հասցնում Սիրիայի ռազմական ենթակառուցվածքներին։ 2025 թվականին Իսրայելը հարվածներ էր հասցրել Հոմսի Տ4 և Պալմիրայի ավիաբազաներին։ «Reuters-ը այդ ժամանակ հայտնել էր, որ մինչ հարվածները թուրքական ռազմական պատվիրակություններ էին այցելել այդ ավիաբազաներ, սակայն Թուրքիայի և Սիրիայի իշխանությունները տեղեկությունը չէին հաստատել։







