Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հարավկովկասյան երկաթուղու շուրջ Հայաստանի կողմից վերջերս հնչեցված որոշ պահանջներ Ռուսաստանում զարմանք և դժգոհություն են առաջացնում։ Այս մասին հայտնել է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Լավրովը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների միջև կան կանոնավոր շփումներ, և հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ Հարավկովկասյան երկաթուղու իրավիճակը, կարող է քննարկվել այդ ձևաչափով։
«Եթե այդ հարցերը առաջացել են, պատմիր քո գործընկերոջը, թե ինչ ես այս հարցում մտածում», – ասել է Լավրովը՝ անդրադառնալով հայկական կողմի հետ քննարկումների հնարավորությանը։
ՌԴ ԱԳ նախարարը, սակայն, դժգոհություն է հայտնել, որ փոխարենը հայկական կողմից հրապարակայնորեն հայտարարություններ են արվում, թե երկաթուղին «իրենցն է», և Ռուսաստանը Հայաստանին 2 միլիարդ դոլար է պարտք։
«Հասկանում եմ, որ դա, բացի տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից, մեր քաղաքացիների մոտ զարմանք է առաջացնում։ Ես բացառություն չեմ», – ասել է Լավրովը։
Հայաստանի հետ հարաբերություններում Ուկրաինայի հետ նախկինում թույլ տրված սխալներից խուսափելու մասին հարցին ի պատասխան՝ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմն իր հերթին «ամեն ինչ արել է»։
Նա նաև ընդգծել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից ստացած առավելությունները՝ մասնավորապես նշելով, որ Ռուսաստանից էներգակիրները Հայաստանը ստանում է, իր պնդմամբ, Եվրամիության գներից երեք-չորս անգամ ցածր գներով։
«Կարծում եմ, որ այնտեղ լավ տնտեսագետներ կան», – հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը։







