Աշխարհի երկրները պետք է ամեն ինչ անեն՝ զինված հակամարտությունների հրահրումը կանխելու համար։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստում։
Պուտինը նշել է, որ սեպտեմբերի 1-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի օրն է, և ընդգծել է, որ միջազգային պրակտիկայում անհրաժեշտ է բացառել զինված հակամարտությունների հրահրումը։
ՌԴ նախագահը խոսել է նաև ՇՀԿ-ի զարգացման և ֆինանսական համագործակցության մասին։ Նրա խոսքով՝ ՇՀԿ-ի զարգացման բանկը պետք է հնարավորինս անկախ լինի այն երկրների ֆինանսական համակարգերից, որոնք տնտեսական գործիքներն օգտագործում են միջազգային հարաբերություններում միակողմանի առավելություններ ստանալու համար։
Ըստ Պուտինի՝ Ռուսաստանի և ՇՀԿ անդամ երկրների միջև փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինն արդեն գերազանցում է 98 տոկոսը, իսկ Ռուսաստանի և կազմակերպության երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականին անցել է 400 միլիարդ դոլարը։
Պուտինը նաև նշել է, որ ՇՀԿ-ն ստեղծումից՝ 2001 թվականից ի վեր, վերածվել է ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ազդեցիկ կենտրոններից մեկի։ Նրա խոսքով՝ կազմակերպության անդամները համագործակցում են քաղաքականության, տնտեսության և հումանիտար ոլորտներում, իսկ էներգետիկայի ոլորտում անհրաժեշտ է պահպանել համակարգված և հավասարակշռված քաղաքականություն։







