Վրաստանի գլխավոր դատախազությունը հանձնարարել է հարցաքննել այն անձանց, որոնք հրապարակայնորեն կասկածի տակ են դրել իրավապաշտպան Լազարե Ջորբենաձեի մահվան պաշտոնական վարկածը։ Այս մասին հայտնում է Newsgeorgia-ն:
Քննությունը պնդում է, որ Ջորբենաձեի ինքնասպանության փաստը հաստատվում է նրա ընտանիքի անդամների և կնոջ ցուցմունքներով։ Միաժամանակ, հասարակական մեծ արձագանքի պատճառով հարցաքննության են հրավիրվելու նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ և փորձագետներ, որոնք հրապարակայնորեն հարցեր են բարձրացրել նրա մահվան հանգամանքների վերաբերյալ։
Ղարիբաշվիլին, որը ներկայումս պատիժ է կրում կոռուպցիոն գործով, Ջորբենաձեի մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածները հայտնել էր բանտից հրապարակած նամակում։ Նա իրավապաշտպանի մահը կապել էր վերջինիս՝ «Ասավալ-Դասավալի» թերթին տված հարցազրույցի հետ։
Հարցազրույցում Ջորբենաձեն պնդել էր, թե 2025 թվականին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ադրբեջանի հետ գաղտնի համաձայնագիր է ստորագրել և Դավիթ Գարեջիի վանական համալիրի մի հատված փոխանցել Ադրբեջանին։ Նա նաև հայտարարել էր, որ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ընթացքում Ղարիբաշվիլիին առաջարկվել է 250 միլիոն դոլար՝ վրացական տարածքի փոխանցման դիմաց։ Ղարիբաշվիլին այդ մեղադրանքները հերքել է։
Նշենք, որ Ադրբեջանի հետ Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ տարածքային վեճը Վրաստանում երկար տարիներ զգայուն թեմա է։ 2020 թվականին, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, «Վրացական երազանքը» թեման ակտիվորեն օգտագործում էր նախընտրական քարոզարշավում։ Այդ ժամանակ սահմանազատման հանձնաժողովի նախկին անդամներ Իվերի Մելաշվիլին և Նատալիա Իլիչևան մեղադրվել էին 1938 թվականի քարտեզը թաքցնելու և Ադրբեջանին մինչև 3500 հեկտար տարածք փոխանցելու փորձի մեջ։ Գործը հայտնի դարձավ որպես «քարտեզագիրների գործ»։
Հավելենք, որ Ղարիբաշվիլիի հարցաքննությունը տեղի է ունենում «Վրացական երազանքում» ներքին հակասությունների մասին քննարկումների ֆոնին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նախկին վարչապետը բանտից հրապարակած մի շարք նամակներում մեղադրանքներ է հնչեցրել վարչապետ Կոբախիձեի և նրա մերձավոր քաղաքական շրջանակի հասցեին՝ խոսելով ճնշումների և շանտաժի մասին։ Ղարիբաշվիլին ներկայումս հնգամյա ազատազրկման պատիժ է կրում փողերի լվացման գործով։








