Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը սեպտեմբերի 1-ին վերագործարկվել և միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին՝ 2026 թվականի պլանային-նախազգուշական վերանորոգման աշխատանքների ավարտից հետո։
Էներգաբլոկն ապրիլի 1-ից անջատված էր էներգահամակարգից։ Շուրջ հինգ ամիս տևած աշխատանքների ընթացքում իրականացվել է մոտ 20 համալիր միջոցառում՝ հիմնական համակարգերի և սարքավորումների հուսալիության բարձրացման, շահագործման ժամկետի երկարաձգման և անվտանգության մակարդակի բարելավման նպատակով։
Կատարվել են հիմնական և օժանդակ սարքավորումների տեխնիկական սպասարկում, վերանորոգում, ախտորոշում և ստուգումներ, ինչպես նաև շարունակվել են էներգաբլոկի տեխնիկական արդիականացման ծրագրերը։
Ներկայում երկրորդ էներգաբլոկն աշխատում է բնականոն ռեժիմով, իսկ դրա հզորությունն աստիճանաբար բարձրացվում է՝ սահմանված տեխնոլոգիական և անվտանգության պահանջներին համապատասխան։
Նշենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մինչև 40%-ը։ Ներկայում աշխատանքներ են տարվում գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու ուղղությամբ։








