«Վրացական երկաթուղիները» բախվում են աշխատակիցների պակասի և կադրերի ծերացման խնդրին։ Այս մասին գրում է «Տրանսպորտային միջանցքների հետազոտական կենտրոնը»։
Կազմակերպության տվյալներով՝ 30 տարեկանից ցածր աշխատակիցները կազմում են երկաթուղու անձնակազմի ընդամենը 7%-ը, իսկ աշխատակիցների 54%-ը 50 և ավելի տարեկան է։ Միևնույն ժամանակ, 2020-2025 թվականներին որակավորված անձնակազմի թիվը կրճատվել է 13%-ով։
Հետազոտության համաձայն՝ այդ ժամանակահատվածում «Վրացական երկաթուղիներում» բոլոր պաշտոնների, այդ թվում՝ ղեկավարության աշխատակիցների միջին կշռված աշխատավարձն աճել է 61%-ով, սակայն կազմակերպության գնահատմամբ այն շարունակում է մնալ ոչ մրցունակ։
Օրինակ՝ երկաթուղու գծի աշխատակիցը ստանում է 980 լարի, իսկ էլեկտրամոնտյորը՝ 980-1100 լարի (մոտավորապես 140,000–157,000 դրամ)։
Կենտրոնը նշում է, որ ցածր աշխատավարձերը նպաստում են երիտասարդ կադրերի արտահոսքին։ Ներկայումս «Վրացական երկաթուղիների» տարբեր նախագծերում աշխատում է 10 719 մարդ։
Կազմակերպությունն ընդգծում է նաև, որ 2020-2025 թվականներին որակավորված աշխատակիցների թվի նվազումը չի կարող կապվել տեխնիկական վերազինման հետ, քանի որ այդ գործընթացն այդ ժամանակ դեռ չէր սկսվել։ Կառավարությունը, իր հերթին, հայտարարել է երկաթուղային ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման ու կադրերի թարմացման ծրագրերի մասին։







