Իրանը չի պատրաստվում վերաբացել Հորմուզի նեղուցը կամ վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նախկին ձևաչափին, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի ներկայացրած պայմանները, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Այս մասին հայտնել է «Al Jazeera»-ն։
Ղալիբաֆը նշել է, որ Թեհրանը միջնորդների միջոցով Վաշինգտոնին փոխանցել է իր պահանջները և չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը, քանի դեռ դրանք չեն կատարվել։
«Քանի դեռ իրանական ժողովրդի օրինական իրավունքները չեն ճանաչվել, և ամերիկացիների ստանձնած պարտավորությունները չեն իրականացվել, բանակցությունների նախկին պայմաններին վերադառնալու կամ Հորմուզի նեղուցը բացելու հնարավորություն չի լինի»,– ասել է նա։
Ղալիբաֆի հայտարարությունը հնչել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հայտարարությունից մեկ օր անց։ Վերջինս հայտնել էր, որ Թեհրանը Կատարի միջոցով Վաշինգտոնին փոխանցել է հակամարտության դադարեցման իր պայմանները։
«Մեր պայմաններն են բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը, մեր սառեցված միջոցների ազատումը և ծովային շրջափակման դադարեցումը»,– «Al Jazeera»-ին ասել էր Ռեզային։







