ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա և Հայաստանի անկախության վերականգնման 35-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասին տոնում է Ձեր անկախության վերականգնման 35-ամյակը և անդրադառնում այն առաջընթացին, որը Ձեր երկիրն արձանագրել է դեպի ավելի խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագա»,– նշել է Ռուբիոն։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը ակնկալում է առաջ մղել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնությունը, ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումները և նպաստել Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների ստեղծմանը։
Ռուբիոյի խոսքով՝ Միացյալ Նահանգներն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ հավելելով, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ գրանցած «պատմական առաջընթացը» ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել խաղաղության և բարեկեցության ընդհանուր տեսլականի շուրջ համագործակցության միջոցով։







