Իրանի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ տեղեկություններ է ստացել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական հարվածները վերսկսելու նախապատրաստության մասին։ Այս մասին հայտնել է «Al Jazeera»-ն։
Իրանի զինված ուժերը համակարգող «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը կիրակի օրը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից նոր հարվածների դեպքում Թեհրանը պատասխան գործողություններ կիրականացնի Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների և շահերի դեմ։
Իրանական կողմը նաև զգուշացրել է տարածաշրջանի այն երկրներին, որոնք իրենց տարածքը կամ ենթակառուցվածքները կտրամադրեն ԱՄՆ-ի հնարավոր գործողություններին աջակցելու համար։ Իրանի զինվորական հրամանատարության հայտարարության համաձայն՝ նման երկրները «կհամարվեն հանցակիցներ» և կարող են ենթարկվել Իրանի պատասխան գործողություններին։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը «Fox News»-ին հայտարարել է, որ Իրանի հարցում գտնվում է «որոշում կայացնելու փուլում»։ Նրա խոսքով՝ հնարավոր տարբերակների թվում են նոր ռազմական գործողությունը, տնտեսական ճնշումը կամ համաձայնության ձեռքբերումը։ Թրամփը նաև նշել է, որ պատրաստ է այս շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։







