Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է երկրից ավելի քան 1 մլն ռուբլու կանխիկ գումարի արտահանումը։ Սահմանափակումն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 29-ին՝ ստորագրման պահից, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Սահմանափակումը վերաբերում է նաև Հայաստան տեղափոխվող կանխիկ ռուբլուն, քանի որ այն տարածվում է ԵԱՏՄ անդամ երկրների, ինչպես նաև Ադրբեջանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի վրա։
Նոր կարգի համաձայն՝ նշված երկրներ 1 մլն ռուբլուց ավելի կանխիկ գումար կարելի է տեղափոխել միայն կառավարության կողմից սահմանված օդանավակայաններով և անհրաժեշտ բանկային քաղվածքների կամ այլ փաստաթղթերի առկայության դեպքում։
Սահմանափակումը խախտելու դեպքում ֆիզիկական անձանցից կբռնագանձվի 1 մլն ռուբլին գերազանցող գումարը, իսկ ընկերություններից և անհատ ձեռնարկատերերից՝ ամբողջ կանխիկ գումարը։
Մինչ այս՝ մարտի 25-ին, Պուտինը հրամանագիր էր ստորագրել կանխիկ ռուբլու և զտված ոսկու արտահանման հատուկ կարգ սահմանելու մասին։ Այն ուժի մեջ էր մտել ապրիլի 1-ից։ Այդ կարգով ֆիզիկական անձանց արգելվում էր ԵԱՏՄ երկրներ արտահանել 100 հազար դոլարին համարժեք գումարը գերազանցող կանխիկ ռուբլի։








