ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը հարցազրույցը՝ Factor.am-ին։
– Պարո՛ն Հարությունյան, հատկապես վերջին ամիսներին Ադրբեջանն ագրեսիվացել է։ Այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «բանակն ուժեղացնում են՝ Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու, օկուպացված տարածքները վերադարձնելու համար», և հույս է հայտնել, որ շուտով կստեղծվի բարենպաստ միջազգային իրադրություն։ Ըստ Ձեզ՝ ինչի՞ վրա է հիմնված այդ հույսը, կա՞ ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն, թե՞ սա հերթական հոխորտանքն է։
– Մենք պետք է գնահատենք ռազմաքաղաքական իրավիճակը, որպեսզի հասկանանք։ Առաջինը՝ պատերազմը չի ավարտվել, մենք ունենք հրադադարի պայմանագիր, բայց պատերազմն ավարտված չի։ Մենք չունենք խաղաղության մասին մեծ քաղաքական պայմանագիր, Ադրբեջանի զորքերը կանգնած են ուղիղ շփման գծում, և հեռավորությունն այնքան փոքր է, որ որոշում ընդունելու և պատերազմ սկսելու ընթացքի միջև շատ փոքր ժամանակ է ընկած։ Որպեսզի մոբիլիզացիա անցկացնեն, և երկար ժամանակ անցնի՝ այդպես չէ, որովհետև տարածքներն այդքան մեծ չեն։ Պատերազմն ավարտված չի, մենք պիտի գիտակցենք ու ապրենք այս գաղափարով և այս գնահատականով։ Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, մենք պետք է գնահատենք, որ կա այդպիսի հավանականություն, բայց ես դա համարում եմ ոչ մեծ։ Ինչո՞ւ, որովհետև այն նախապայմանները, ինչի մասին խոսել է իրենց նախարարը, դա ասել է որպես շարունակություն Իլհամ Ալիևի ելույթի, որում նա ուշագրավ հայտարարություն է արել, թե իրենք կսպասեն համապատասխան պայմաններին, երբ դրանք կլինեն, մենք կսկսենք պատերազմ։ Սա կարևորագույն եզրակացություն է, որ այսօր այդ պայմանները չկան։
– Մամեդյարով-Մնացականյան տեսակոնֆերանսից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որ խնդիրը ռազմական լուծում չունի, և որ վերջին սադրիչ հայտարարությունները, հռետորաբանությունն ու իրավիճակի շոշափելի փոփոխությանն ուղղված հնարավոր քայլերը կարող են խաթարել կարգավորման գործընթացը։ Ինչպե՞ս հասկանալ համանախագահների այս ընդգծումը։
– Համանախագահ պետությունների շահերից չի բխում պատերազմն այստեղ։ Կան տարբեր գործոններ, և այդ հայտարարությունը պետք է դիտել այդ կոնտեքսոտւմ, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Ռուսաստանն այս ժամանակահատվածում այս տարածաշրջանում պատերազմ չեն ուզում։ Բազմիցս ասվել է, թե ինչու հասցեագրված հայտարարություն չեն անում։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունն Ադրբեջանին է վերաբերվում, բայց իրենք միջնորդ են և Ադրբեջանի հետ կապը պետք է պահպանեն։ Միաժամանակ, կոնտեքստից պարզ է, թե ում է ուղղված հայտարարությունը։ Ինչո՞ւ, որովհետև Հայաստանն ու Ղարաբաղը շահագրգռված չեն պատերազմի վերսկսկմամբ, պարզ է, չէ՞, հայկական կողմերը լուծել են Ղարաբաղի հարցը, և այստեղ խոսք չի կարող գնալ, որ մենք սկսենք։ Ուրիշ հարց է, որ մենք շատ կտրուկ և խիստ պետք է իրենց պատասխանենք, որ թուլություն չզգան և չշարունակեն։ Ադրբեջանի ռազմավարությունն այսօր ո՞րն է․ իրականացնել ռազմական ճնշում հայկական կողմերի վրա՝ դա կլինի Հայաստան-Ադրբեջան սահմանին, թե Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին, որպեսզի վախի մթնոլորտ ձևավորվի, դրա միջոցով իրականացնել ճնշում պետության ղեկավարների, քաղաքական էլիտայի վրա, որպեսզի գնան զիջումների։
– Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշել է՝ «Մենք ունենք բոլոր հնարավորությունները թշնամուն հաղթելու համար, ադրբեջանական բանակն ունի «Լորա» տեսակի հրթիռ, «Պոլոնեզ» համակարգեր, որոնք մի քանի հարյուր կիլոմետրից խոցում են թիրախները»։ Հասանովն ասում է՝ տարածաշրջանում հզորագույն հակաօդային պաշտպանությունն ունեն։ Պարո՛ն Հարությունյան, սրան ի՞նչ են հակադրում Հայաստանը և Արցախը։
– Այստեղ մի գնահատական կա, որ կոչվում է ռազմաքաղաքական բալանս։ Եթե դա խախտվի հօգուտ Ադրբեջանի, իրենք կսկսեն պատերազմ, ինչի մասին խոսում է նաև Ալիևը։ Ադրբեջանն ունի որոշ զինատեսակների առավելություն։ Նա առավելություն ունեցել է նաև 1994 թվականի պատերազմի ժամանակ՝ տանկերի առավելությունը չորս անգամ էր, զրահատեխնիկայինը՝ վեց անգամ, հակաօդային պաշտպանությանը՝ ութ անգամ, զինամթերքինը՝ քսանհինգ անգամ, ինքնաթիռ իրենք ունեին 60 հատ, մենք չունեինք ոչ մի հատ։ Բայց այդ պայմաններում իրենք պարտվեցին։ Հիմա, այո՛, կան զինատեսակներ, որոնցով իրենք առավելություն ունեն։ Իրենք պետք է հարձակվեն, մեր խնդիրն է՝ պաշտպանվել և հասցնել հակահարված։ Կարող է նաև լինի այնպես, որ մենք, տեսնելով, որ իրենք հարձակվում են, մենք դա իրականացնենք, որպեսզի ոչնչացնենք իրենց հարվածային խմբերը։ Մենք ունենք հզոր հակաօդային պաշտպանություն։ Ինքը խոսում էր ավիացիայի մասին, բայց չունեն այնպիսի առավելություն, որ հասնեն հաղթանակի։ Մենք ունենք համակարգեր, նույնիսկ չեմ ասում «Իսկանդերի» մասին, ՍԿԱԴ հրթիռային համալիր, որը հասանելի է դարձնում բոլոր թիրախները Ադրբեջանում։ Եվ այստեղ կբերեմ գեներալ Լև Ռոխլինի ելույթը Ռուսաստանի Պետդումայում, երբ ասաց, որ եթե հայկական կողմն օգտագործի ՍԴԱԿ համալիրը՝ Մինգեչաուր ջրամբարը որպես թիրախ վերցնելով, Ադրբեջանի երկու երրորդը կհայտնվի ջրի տակ։ Դա ասում է գեներալ, որը մարտական փորձ ունի և ճանաչված է Ռուսաստանում։ Այնպես որ՝ Ադրբեջանն այդպիսի բաները չի գնահատում։ Հասանելի են Բաքուն, նավթային ողջ համալիրը, և այստեղ մեր հարվածային ուժերն ի վիճակի են ոչնչացնել Ադրբեջանի տնտեսական ներուժը, իսկ դա կուտակված է երեք քաղաքում՝ Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ։
– ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզին պատասխանելով՝ Հասանովն ասում է, թե Հայաստանն այդպիսի հնարավորություն չունի, քաղաքական փիարի շարքից է։ Ինչպիսի՞ն են հայկական բանակի հնարավորությունները և, ընդհանրապես, նախարարի այս թեզն ինչպե՞ս եք գնահատում։
– Մեզ պետք չի խոսել դրա մասին որպես ապագայի գնահատական, մենք դա ապացուցել ենք կյանքում։ Պատերազմը դա ցույց է տվել, ասենք թե՝ մի Հասանով ասում է՝ մենք ի վիճակի ենք կարճ ժամանակում վերցնել Ղարաբաղը, ի վիճակի են ոչնչացնել չգիտեմ ինչը․․․ իրենց կողմից դա խոսակցություն է, մեր կողմից՝ փաստ է։ Այն, ինչ իրենք ասում են՝ Ադրբեջանի տարածքների 25%-ը գրավված է, ինքը թող դա հիշի և խոսելուց իրավիճակը գնահատի։ Իրենք չեն վերսկսում պատերազմը, որովհետև հասկանում են, որ չեն հասնի հաջողության, այդպիսի հնարավորություն չունեն։ Մենք պետք է զարգացնենք տնտեսությունը, որ ունենանք համապատասխան միջոցներ՝ ուժեղացնելու և հզորացնելու բանակը, ապա, եթե բալանսը փոխվեց, դա կարող է դառնալ իրականություն։ Մինչև այսօր մեզ հաջողվել է բալանսը պահպանել։