Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ «Ինտագրամ»-ի իր էջում կոչ անելով դիմել սենատորներին, ներկայացուցիչների պալատի անդամներին Հայաստանին աջակցելու հարցով։
Նա մասնավորապես գրել է. «Չնայած շարունակվող գլոբալ համավարակին, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի համաշխարհային զինադադարի կոչը եւ հարձակվել է Հայաստանի վրա: Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվել են, և հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին»:
Նա նշել է, որ միևնույն ժամանակ ԱՄՆ Կոնգրեսը հաջորդ շաբաթ քվեարկելու է Ազգային պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը արգելելու մասին․ ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ:
«Միջազգային հանրությունը պետք է միջամտի, օգտագործի քաղաքական ու դիվանագիտական միջոցները՝ կանխելու ավելորդ լարվածությունն ու մարդկային կյանքի կորուստը: Ես իմ հայրենակիցների կողքին եմ և աղոթում եմ նրանց համար, ովքեր վերջին սրացման ընթացքում սահմանին են»,-գրել է Քարդաշյանը:
Նա հորդորել է համավարակի արդեն իսկ բարդ պայմաններում խաղաղ հանգուցալուծել իրավիճակը:
«Խնդրում եմ ձեր սենատորներին և ներկայացուցիչներին կոչ արեք աջակցել Հայաստանին»,- եզրափակել է հեռուստաաստղը: