ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Նախարարները քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը:
Մնացականյանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված հայ-ռուսական գործակցության կարևորությունը։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև մտքեր են փոխանակել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի շուրջ։
2020-ի հուլիսի 12-16-ը Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական կողմը նախահարձակ սադրիչ գործողություններ էր ձեռնարկել, ինչի արդյունքում սահմանային մարտեր էին սկսել: Հուլիսյան դեպքերից հետո 5 հայ զինվոր էր զոհվել, ադրբեջանական կողմից 12 զոհի մասին էր հայտարարվել: