Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհային հատվածների մասով մի շարք խնդիրներ կարգավորված չեն։
«Ճանապարհի տարբեր հատվածներն Ադրբեջանի վերահսկողության ներքո են, և ադրբեջանական դրոշներ ու ցուցանակներ են տեղադրված։ Ընդ որում, Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող ճանապարհի 68 կմ հատվածից 21 կմ-ն ադրբեջանական վերահսկողության ներքո է։ Ադրբեջանցի զինվորները ցուցանակների տեղադրումներն անում են բացահայտ սադրանքով։ Դրանից բացի, ինչպես հայտնում են բնակիչները, կարող են հայտնվել զենքով այդ ճանապարհի վրա։ Նրանք կարող են կանգնել այդ ճանապարհի վրա և դիտարկում իրականացնել։ Դրանք մեր խաղաղ բնակավայրերն իրար կապող ճանապարհներ են։ Սա առաջացել է սահմանազատումը մեխանիկական մոտեցմամբ կիրառման պատճառով»,- ընդգծեց Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այդ հատվածներում ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում երթևեկել շատ արագ և չկանգնել, որովհետև դա ադրբեջանական կողմը կդիտարկի որպես սադրանք։
Մարդու իրավունքների պաշտպանի մոտ հարց է առաջանում ինչ միջոցներ են կիրառվելու, եթե ճանապարհային այդ հատվածում տեղի ունենա ճանապարհատրանսպորտային պատահար։ «Եթե օրինակ, տեղի ունենա ոչ միայն հայկական մեքենաների միջև այդ պատահարը, այլ նաև, օրինակ, հայկական մեքենայի և ադրբեջանական մեքենայի միջև։ Ինչ կլինի, եթե մեքենան այդ հատվածներում փչանա և պետք է կանգնի ու վերանորոգի։ Եթե այդ հատվածներում լինեն երթևեկության կանոնների խախտումներ, հանցագործություններ և այլն, եթե դա համարում ենք ադրբեջանական տարածք, ի՞նչ է նշանակում, որ Ադրբեջանի քննչական մարմինը ՀՀ քաղաքացու նկատմամբ քննչական գործողություններ պետք է իրականացնեն։ Այս հարցերը ընդհանրապես կարգավորված չեն»,- ընդգծեց Թաթոյանը։