Լիբանանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Տրիպոլիում անկարգությունների հետևանքով հայ համայնքը վնասներ չի կրել. չեն տուժել հայկական եկեղեցին, դպրոցը, ակումբը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Տրիպոլիում ունենք թե հայկական եկեղեցի, թե հայկական դպրոց, թե ակումբ: Հայկական կառույցները չեն վնասվել: Քաղաքի հայկական համայնքը փոքրաթիվ է: Հայերի շրջանում տուժածներ չկան»,-ասաց Գանտահարյանն ու հավելեց, որ հայ համայնքի ներկայացուցիչներից ակցիաներին մասնակցողներ չկան:
Ընդհանուր առմամբ, իրադրությունը նա գնահատեց մտահոգիչ: Կորոնավիրուսային իրավիճակը, ֆինանսական շատ ծանր կացությունը, երկրում «լոքդաունը» առաջացրել են քաղաքացիների բողոքը, ցասումը: Գանտահարյանի խոսքով՝ բանկային համակարգը ոչ լիարժեք է աշխատում, կա գործազրկություն, լիբանանյան դրամանիշն անկում է ապրել: Այս ամենը ծանր իրավիճակ են ստեղծել:
Տրիպոլիում քաղաքացիների և իրավապահ մարմինների բախումներ են տեղի ունենում, կան վիրավորվածներ, տուժածներ, վնասվել են խանութներ: Անկարգություններին մասնակցողներն անգամ Տրիպոլիի քաղաքապետարանի շենք են ներխուժել: «Բեյրութում ևս ցույցեր եղել են, սակայն ավելի փոքր ծավալով: Ճանապարհներ էին փակվել, սակայն իրավապահ մարմիններին հաջողվել է վերաբացել դրանք»,-ասաց հայ համայնքի ներկայացուցիչը:
Լիբանանում այժմ կորոնավիրուսը շատ է տարածվել, հիվանդանոցների գերհագեցվածության արդյունքում երբեմն մահեր են գրանցվում: «Ցավոք, հայ համայնքից էլ, կորոնավիրուսի պատճառով մահեր ունենում ենք: Հիվանդանոցների գերհագեցվածության, առողջապահական համակարգի փլուզման երևույթ է ընթանում, հիվանդանոցներում տեղ չկա: Եվ դա հանգեցնում է լուրջ խնդիրների»,-ասաց նա ու հավելեց, որ թեև «լոքդաունի» արդյունքում վարակակիրների թվի որոշակի անկման միտում նկատվել է, սակայն իրավիճակը դեռևս շարունակում է մնալ ծանր:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Լիբանանում հայ համայնքն այժմ սոցիալական դժվարություններ ունի՞, Գանտահարյանն ասաց, որ բնականաբար: «Ընդհանուր վիճակն է այդպիսին: Կա նաև քաղաքական անորոշություն, նշանակվել է վարչապետ, վարչապետին չի հաջողվել կազմել կառավարություն. և քաղաքական անորոշություն,և տնտեսական դժվարություններ, և կորոնավիրուս»,-ասաց նա:
Սակայն Գանտահարյանը վստահեցրեց, որ Լիբանանի հայ համայնքը շարունակում է ինքնակազմակերպման եղանակով կարիքավոր ընտանիքներին օգնություն հասցնել, վարակակիրներին փորձում են տեղավորել հիվանդանոցներում, համապատասխան ծառայություններ աշխատում են: Բեյրութից դեպի Երևան շաբաթը մեկ անգամ թռիչքներ են իրականացվում:
Տրիպոլիում անկարգություններ են սկսվել հունվարի 25-ին։ Մարդիկ դուրս են եկել փողոցներ ՝ պահանջելով բարելավել կենսապայմանները՝ վախենալով սովից։ Ցույցերի մասնակիցները իշխանություններին մեղադրում են անգործության մեջ եւ հանդես են գալիս կորոնավիրուսի պատճառով երկարացված կարանտինի դեմ: