Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 10-ին ելույթի ընթացքում խոսել է Կիպրոսի խնդրի մասին: Էրդողանն անդրադարձել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ Կիպրոս կատարած այցի ընթացքում արած հայտարարությանը: Միցոտակիսը նշել էր, որ Հունաստանի ռազմավարական նպատակն է վերջ դնել կղզու թուրքական բռնազավթմանը:
Էրդողանն այս առումով Միցոտակիսին մեղադրել է վերսկսված ճանաչողական բանակցությունները տապալելու փորձի մեջ և, խոսք ուղղելով Հունաստանի վարչապետին, նշել է.
«Ինձ մարտահրավեր մի՛ նետիր, չափդ ճանաչի՛ր, իսկ եթե հակառակն ես անում, ուրեմն դու տապալում ես բանակցությունը և փախչում: Դու ինչ-որ սարերի (նկատի ունի ուժերի) ես վստահում. Էս սարերի գլխին ձյուն է եկել, ոչ մեկից օգուտ չես ստանալու: Մենք էլ մեր խնդիրները ինքներս ենք լուծում: Հետևաբար, խենթ թուրքերին լավ ես ճանաչելու»:
Էրդողանը նշել է, որ եթե Հունաստանի վստահության աղբյուրը ինչ-որ «տեղերից ակնկալվող աջակցությունն» է, ապա Հունաստանը սխալ է գործում, «քանի որ ինչ օգնություն էլ լինի, իմացեք, որ Թուրքիան ամուր կանգնած է և շատ լավ գիտի ճիշտ պահին անհրաժեշտ քայլն անել»:
Կիպրոսի խնդրին անդրադառնալով՝ Էրդողանը հունական կողմին մեղադրել է 50 տարի շարունակ խնդրի լուծման բանակցությունները տապալելու համար: Նրա խոսքով՝ այլևս անիմաստ է կրկին խոսել լուծման նախկին բանաձևերի շուրջ: Նա ընդգծել է, որ Կիպրոսի հարցում այլ տարբերակ չի մնացել, բացի «2 պետություն» մոդելից՝ նշելով.
«Կիպրոսի հարցը պետք է քննության առնել նոր ժամանակաշրջանին ոգուն համապատասխան՝ լուծմանը միտված մոտեցմամբ: Ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք, բայց «2 պետություն» մոդելով լուծումից բացի այլ ելք չի մնացել: Արդեն «ֆեդերացիա» մոդելը չկա, անցեք դրանից: