Վրաստանի իշխող «Վրացական երազանք,Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն արդեն աշխատում է ընդդիմության ներկայացրած 6 պահանջներից 4-ի վրա:
«Երբ ժամանել էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը, նրա հետ դիտարկվել են ընդդիմության ներկայացրած պահանջները: «Վրացական երազանքը» արդեն աշխատում է դրանց վրա: Առաջինն ընտրական բարեփոխումներն են: Դուք գիտեք, որ մենք արդեն նախաձեռնել ենք այդ բարեփոխումները»,-հայտարարել է իշխող կուսակցության պատգամավոր Շալվա Պապուաշվիլին:
Նրա խոսքով, պահանջներից մյուսը 2020թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների օրինականությունը հետաքննող հանձնաժողովի ստեղծումն է: Հետաքննող հանձնաժողովն արդեն ստեղծվել է խորհրդարանում, թեև ընդդիմությունը հրաժարվում է աշխատել դրա հետ:
«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք. եթե հետաքննող հանձնաժողովի շրջանակում կամ դրանից դուրս ապացուցվի ընտրությունների արդյունքների փոփոխությունների գոնե 1%, ապա կլինեն արտահերթ ընտրություններ: Ընդդիմության ներկայացրած 6 կետից 4-ի վրա մենք աշխատում ենք: Այժմ իրենց հերթն է: Մենք պետք է ցույց տանք, որ կառուցողական երկխոսության պատրաստ ենք ոչ միայն խոսքով, այլև գործողություններով»,-նշել է պատգամավորը: