Իրանը պետք է աջակցի Հայաստանի դիրքորոշմանը ներկայիս սահմանների պահպանման հարցում և անհրաժեշտության դեպքում՝ ռազմական ու հետախուզական աջակցություն ցուցաբերի: Նման կարծիք է հայտնել իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը, ում հոդվածը հրապարակվել է Իրանական Irdiplomacy վերլուծական կայքում:
Նրա խոսքով՝ Իրանը պետք է ինտենսիվ բանակցություններ վարի ՌԴ-ի հետ և նրան հասկացնի, որ Կովկասում Թեհրանի շահերին ուղղված սպառնալիքը չպետք է ուղեկցվի ռուսական համաձայնությամբ:
Փորձագետը նշել է, որ Հայաստանում Իրանի ժողովրդականությունն աճում է, և դա Թեհրանին թույլ է տալիս Սյունիքում ավելի լայն ռազմական, տնտեսական, մշակութային ներկայություն ունենալ: Ուստի Իրանը պետք է նվազեցնի պատժամիջոցների ճնշումները, որպեսզի կարողանա ավելացնել ծավալապաշտ հարևանների դեմ գործելու կարողությունը, ինչպես նաև իր աշխարհաքաղաքական կշիռին, հնարավորություններին համարժեք դեր պետք է խաղա կովկասյան տարածաշրջանում։
Մովահեդիանն ընդգծել է, որ իրանական մամուլում, սոցցանցերում պաշտոնական գրագրության մեջ պետք է Անկարայի ու Բաքվի հարձակողական քաղաքականության դեմ ուժեղ հակաքարոզչություն տարվի:
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին փորձագետ Էհսան Մովահեդիանը մասնակցել էր «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կայացած «Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների և հետպատերազմյան տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ» վեբինարին:






