Կատարի փոխվարչապետը և արտգործնախարարը մեկնելու են Բեյրութ Սաուդյան Արաբիայի և Լիաբանանի միջև դիվանագիտական ճգնաժամի կարգավորման հնարավորությունները քննարկելու համար։ Այս մասին տեղեկացնում է Լիբանանի կառավարության մամլո ծառայությունը։
«Կատարի ԱԳ ղեկավարը Լիբանանի վարչապետի հետ քննարկելու է Բեյրութի և Ծոցի համագործակցության խորհրդի երկրների միջև խնդրի կարգավորման հնարավոր ուղիները»,- ասված է մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ Լիբանանի արտգործնախարար Աբդալլահ Բու Հաբիբը կոչ է արել Ծոցի համագործակցության խորհրդի երկրներին խնդիրը լուծել «երկխոսության միջոցով»։
Նշենք, որ Բեյրութի և Ռիյադի միջև դիվանագիտական ճգնաժամի պատճառ է դարձել Լիբանանի տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահիի սկանդալային հայտարարությունը։ Al Jazeera-ին տված հարցազրույցում Կորդահին հայտարարել է, որ Եմենում տիրող իրավիճակի պատճառը Սաուդյան Արաբիայի ագրեսիվ քաղաքականությունն է: Ի պատասխան այս հայտարարության՝ Սաուդյան Արաբիան խորհրդակցությունների համար հոկտեմբերի 29-ին իր դեսպանին Բեյրութից հետ է կանչել, ինչպես նաև պահանջել Ռիյադում Լիբանանի դեսպանին լքել թագավորության տարածքը: Սաուդյան Արաբիան դադարեցրել է նաև Լիբանանից ներկրումը:
Սաուդյան Արաբիային են հետևել նաև Ծոցի մյուս երկրները: Բահրեյնը, Քուվեյթը և ԱՄԷ-ն հետ են կանչել իրենց դեսպաններին Բեյրութից «ի աջակցություն Ռիյադի»:
Չնայած նման դիվանագիտական ճգնաժամի՝ Ժորժ Կորդահին հոկտեմբերի 31-ին Al-Jadeed TV-ին տված հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Սաուդյան Արաբիան էլ իր հերթին է հայտարարել, որ «անիմաստ» է գործ ունենալ Բեյրութի հետ Հեզբոլլահի գերակայության պատճառով՝ վերջինիս մեղադրելով Եմենում հութիներին աջակցություն տրամադրելու մեջ։








