Մարդու իրավունքների սիրիական դիտարանը տեղեկացնում է, որ թուրքական զինված ուժերը հավելյալ զինամթերք են տեղափոխել Իդլիբ։
Դիտարանի հաղորդմամբ՝ տարբեր տեսակի սպառազինություններով և զինամթերքներով բեռնված 10 բեռնատարներ տեղափոխվել են Իդլիբի ապառազմականացված գոտի՝ մասնավորապես Թաֆթանազ օդանավակայան և Ալ-Մասթունա ճամբար, որտեղ տեղակայված են թուրքական զինված ուժերը։ Լրացուցիչ զինամթերքի համալրումները իրականացվում են ապառազմականացված գոտում թուրքական ԶՈՒ ստորաբաժանումների զորաշարժերի ֆոնին։
Այս համատեքստում դիտարանը նաև տեղեկացրել է, որ ռուսական ԶՈւ-ն հրթիռակոծել է Իդլիբի արևելքում գտնվող Կամինաս և Սարմին քաղաքների միջև ընկած այն հատվածը, որտեղ տեղակայված են թուրքական զինված ուժերը։ Դիտարանը հաղորդել է ևս երկու օդային հարվածների մասին, որոնց թիրախում Մաջլիա և Մարբլիթ քաղաքներն էին՝ Հալեպ-Լաթաքիա «M4» ճանապարհին։ Այս հատվածները նույնպես վերահսկում են թուրքական ԶՈՒ-ը։
Նշենք, որ Թուրքիան ռազմական նոր դիտակետ է հիմնել Իդլիբի հարավում գտնվող Ջաբալ Ալ-Զավիա քաղաքում՝ սիրիական վարչակարգի և ընդդիմադիր ուժերի հետ սահմանագծին։ Նոր ռազմական դիտակետի հիմնադրմամբ՝ Իդլիբում արդեն հաշվարկվում է թուրքական զինված ուժերի 79 ռազմական դիտակետ և ռազմաբազա։