Հաագայում գտնվող ՄԱԿ-ի միջազգային դատարանը բավարարել է Ադրբեջանի դեմ Հայաստանի պահանջած գրեթե բոլոր միջանկյալ միջոցները և մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այդ մասին գրել է Twitter-ում։
«Հայաստանը ողջունում է այս որոշումը և անհամբեր սպասում, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները գործնականում կիրականացնեն այն», – գրել է նա։
Նշենք, որ սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը բողոք էր ներկայացրել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:
Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հրատապ միջոցներ սահմանելու Հայաստանի դիմումի վերաբերյալ որոշումը: Հաագայի դատարանը պահանջել է Ադրբեջանից կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը: Ըստ որոշման առաջին կետի՝ Ադրբեջանը պետք է բռնությունից պաշտպանի 2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում կամ դրա հետևանքով գերության մեջ հայտնված անձանց անվտանգությունը և երաշխավորի նրանց հավասարությունն օրենքի առջև: Միջոցներ ձեռնարկի ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը կանխելու համար, ներառյալ պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից: Ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների: Հայաստանի Հանրապետությունը 2021 թ. սեպտեմբերի 16-ին հայց էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին Ադրբեջանի Հանրապետության դեմ՝ Բաքվին մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի դրույթները խախտելու մեջ:
Ադրբեջանն էլ իր հերթին սեպտեմբերի 24-ին Հայաստանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու հայցով դիմել էր Հաագայի դատարան։ Ադրբեջանի հայցի վերաբերյալ որոշումը ևս հրապարակվել է դեկտեմբերի 7-ին։






