Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈւ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացնում է Sputnik Armenia-ն, ադրբեջանցի զինծառայողներին գերեվարելու մասին հայտնել էր «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Այդ մասին գրել էր նաև ակտիվիստ Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում և նշել, որ դեկտեմբերի 18-ին Ջերմուկի շրջանում գերի են ընկել ադրբեջանցի երկու զինծառայողներ, որոնցից մեկը՝ կապիտանի կոչումով։ Ավելի ուշ հաղորդվեց, որ նրանք տեղափոխվել են Երևան։