Region Monitor-ը հայտարարում է վերլուծական հոդվածների կանչ՝ յուրահատուկ հնարավորություն ընձեռելով արևելագիտության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, կովկասագիտության, լրագրության և հարակից բաժիններում սովորող բոլոր ուսանողներին, որոնք հետաքրքրված են տարածաշրջանային զարգացումների ուսումնասիրությամբ, վերլուծությամբ և փնտրում են հարթակ սեփական մասնագիտական կարծիքը լսելի դարձնելու և փորձառություն ձեռք բերելու համար։
Վերլուծական հոդվածները (ոչ գիտական) պետք է վերաբերեն Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրների արտաքին և ներքին քաղաքական, ռազմական, սոցիալ-տնտեսական, մշակութային և ժողովրդագրական արդի խնդիրների քննությանը, տարածաշրջանային հակամարտությունների, աշխարհաքաղաքական գործընթացների ուսումնասիրությանը։
Ընթացիկ ամսվա համար առաջարկում ենք ուսումնասիրել հետևյալ թեմաները.
- Թուրքիայի միջամտությունը Լիբիայի հակամարտությանը։
- Ալիևյան բարեփոխումների ընթացքն Ադրբեջանում. ՏԻՄ և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
- Իրանի միջուկային համաձայնության շուրջ զարգացումներ
- Սիրիական հակամարտության ներկա շրջափուլի առանձնահատկությունները․ արտաքին և ներքին դերակատարների ազդեցության դիրքային պատկերը։
Ուսանողները սահմանափակված չեն միայն մեր կողմից առաջարկվող թեմաներով, սակայն կարևոր է ուսումնասիրվող խնդրի արդիականությունը։
Հոդվածներն ընդունվում են հայերեն կամ ռուսերեն տարբերակներով։ Դրանցից հաջողվածները խմբագրության փուլը հաղթահարելուց հետո կհրապարակվեն կայքի «Երիտասարդ փորձագետ» բաժնում։ Հոդվածի վերջում անհրաժեշտ է նշել տեղեկատվական աղբյուրները։
Հոդվածների տեխնիկական չափանիշներն են․
- Տառատեսակը՝ Sylfaen, տեքստի տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,15։
- Հոդվածի սկզբում վերնագիրը՝ գլխատառերով։
- Հոդվածի վերջում հեղինակի անուն ազգանունը, տարիքը, ուսումնառության վայրը (համալսարան, ֆակուլտետ, ամբիոն, կուրս), էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը։
- Հոդվածի ծավալը՝ A4 ֆորմատի մինչև 5 էջ։
Հոդվածների առաջին խումբն ընդունվում է մինչև փետրվարի 29-ը։ Հարցերի դեպքում կարող եք գրել, ինչպես նաև հոդվածներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։