Պարսից ծոցի ջրերում Իրանի ափերի մոտ էմիրաթական բեռնատար նավ է խորտակվել: Այս մասին գրում է Aljazeera-ն՝ հղում կատարելով իրանական IRNA լրատվամիջոցին:
Լրատվամիջոցը մանրամասնել է, որ «Իրանի Բուշեհր նահանգում գտնվող Ասալույե քաղաքից մոտ 50 կմ հեռավորության վրա էմիրաթական բեռնատար նավ է խորտակվել»:
Իր հերթին Դուբայում գործող «Salem Al Makrani Shipping Company»-ն հաստատել է, որ իր բեռնատարներից մեկն այսօր խորտակվել է Իրանի ափերի մոտ, իսկ Իրանի իշխանությունները նավ են ուղարկել դեպքի վայր՝ փրկելու 30 հոգանոց անձնակազմին:
Reuters-ի տեղեկություններով՝ «16 մարդ փրկվել է, 11-ը փրկարար նավակում են, իսկ երկուսը` ջրում»:
Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ նավը խորտակվել է եղանակային վատ պայմանների պատճառով: Հաղորդվում է, որ ընկերությունը շարունակելու է կապի մեջ լինել Իրանի Ասալույե նավահանգստի իշխանությունների հետ։