ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմիի հետ:
Հանդիպման ժամանակ Խադեմին, անդրադառնալով նախորդ տարի Հայաստան կատարած այցին նշել է, որ Իրանը ձգտում է նոր միջազգային երթուղիների կառուցմամբ ընդլայնել իր տարանցիկ հնարավորությունները:
«Իրանը ներկայումս Թավրիզից դեպի Նորդուզի սահման ճանապարհ է կառուցում, որով Հայաստանի հետ հաղորդակցության միջանցքն ամբողջացնելու պայմաններ են ստեղծվում»,- նշել է իրանցի պաշտոնյան:
Խադեմին կարևորել է Իրանում կառուցվող նոր ճանապարհի միացումը Հայաստանի Հյուսիս-Հարավ մայրուղուն և շեշտել, որ Իրանը պատրաստ է աջակցել այդ մայրուղու կառուցմանը:
Արսեն Ավագյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը ողջունում է իրանական ընկերությունների հետ համագործակցությունը և պատրաստակամ է Հյուսիս-Հարավ մայրուղու հարավային հատվածն Իրանի հետ կառուցել: