Region Monitor-ը ներկայացնում է շաբաթվա ընթացքում Իրանում, Թուրքիայում Հվ. Կովկասում, արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած կարևոր զարգացումները և իրադարձությունները:
73 տարեկան հասակում մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բըն Զայեդ Ալ-Նահյանը: Երկրում հայտարարվել է համազգային պաշտոնական 40-օրյա սուգ: Իսկ նախագահի պարտականությունները կատարելու է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամմադ բըն Ռաշիդ Ալ-Մաքթումը:
Իրան են այցելել Մերձավոր Արևելքի առանցքային երկրներից Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բըն Համադ Ալ-Թանին: Վերջին շրջանում սիրիա-իրանական շփումներն ավելի են ակտիվացել: Ավելի վաղ՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն էր մեկնել Դամասկոս:
Նման ակտիվություն է նկատվում նաև Իրանի և Կատարի հարաբերություններում: Կատարի Էմիրը և Իրանի նախագահը վերահաստատել են երկրների ինքնիշխանությունը հարգելու և ներքին գործերին չմիջամտելու պայմանավորվածությունը: Իսկ Reuters-ի տեղեկացմամբ՝ էմիրի այցի նպատակը Իրանի միջուկային պայմանագրի կողմերի միջև «փոխզիջման համար նոր տեղ գտնելն» է:
Լիբանանում կայացել էր խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը: Այս փուլին քվեարկել են արտերկրում բնակվող լիբանանցիները: Մայիսի 7-ին քվեարկել են արաբական 9 երկրներում և Իրանում բնակվող լիբանանցիները, իսկ մայիսի 9-ին՝ Եվրոպայում, Աֆրիկայում, Կանադայում, Ավստրալիայում, ամերիկյան մայրցամաքում և ԱՄԷ-ում բնակվող լիբանանցիները: Ընդհանուր առմամբ՝ արտերկրում բնակվում և ընտրության իրավունք ունեն մոտ 225 հազար լիբանանցիներ, որոնց 60%-ը մասնակցել են խորհրդարանական ընտրություններին: Մասնակցության նման ցուցանիշը գրեթե 3 անգամ գերազանցում է 2018 թվականի ընտրությունների մասնակցությանը:
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիային: Իսրայելի զինված ուժերն այս անգամ թիրախավորել են Կունեյտրա նահանգի հյուսիսային արվարձանները:
Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս մեկ տարով երկարաձգել է Սիրիայի, Իրաքի և Եմենի նկատմամբ արտակարգ դրությունը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Կարլ Հարցելին է հանձնել Եվրամիության անդամակցության հարցաշարի երկրորդ մասը, որը երկիրը լրացրել է ժամկետից շուտ։ Առաջին մասը հանձնել էր մեկ շաբաթ առաջ:
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև տեղի էր ունեցել հեռախոսազրույց: Այդ մասին հայտնել էին թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։ Ալիևը իր թուրք գործընկերոջը հրավիրել էր Ադրբեջան։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը:
Վիեննայում կայացել էր Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը:
Թուրքիայի ու Հայաստանի արտգործնախարարությունները հաղորդագրություն էին տարածել Վիեննայում կայացած հանդիպման վերաբերյալ, նշելով «Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակն։ Այս համատեքստում, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու կառուցողական մտքերի փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` հստակ առաջընթացի հասնելու համար»։
Ուրուգվայի Frente Amplio ընդդիմադիր դաշինքի հայ սենատոր Լիլիամ Քեշիշյանի միջնորդությամբ չեղարկվել էր Թուրքիայում Ուրուգվայի դեսպան Հուգո Սայրուսի նշանակումը:
Իրանը դժգոհել էր Թուրքիայի վարած ջրային քաղաքականությունից: Իրանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի խոսքերով, պաշտոնական Թեհրանի համար անընդունելի է, որ հարևան երկիրը ջրամաբարաշինության ոլորտում այնպիսի քայլեր ձեռնարկի, որ Իրանի ժողովրդի ու տարածաշրջանի համար խնդիրներ ստեղծի:
Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Տեղեկությունը հայտնել էր ՀՀ ԱԳՆ-ը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կարող է պետական այց կատարել Հայաստան: Այս մասին Արարատ Միրզոյանն ասել է Դուշանբեում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Միրզոյանը նաև հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստը պլանավորված է անցկացնել հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում: Նա նաև տեղեկացրել էր, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: