Արցախն Ադրբեջանի կազմում պարզապես չի կարող լինել. Արտակ Բեգլարյան

137

Պաշտոնական Ստեփանակերտն Արցախյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո բացմիցս նշել է, որ Արցախի կարգավիճակի հարցը մեզ համար շատ սկզբունքային և կենսական հարց է։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

Բեգլարյանի համոզմամբ՝ ԼՂՀ հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անսակարկելի, անվերապահ իրացման և ճանաչման միջոցով, որը նշանակում է՝ Արցախի կարգավիճակը պետք է որոշի բնիկ ժողովուրդը՝ հայերը։

«Մենք, իհարկե, որոշել ենք, բայց պատրաստ ենք հակամարտության կարգավորման նպատակով միջազգային գործընկերների հետ, նրանց միջնորդությամբ մինչև վերջ գնալ և հիմնախնդիրը խաղաղ միջոցներով կարգավորել։ Արցախի կարգավիճակը մեզ համար գերնպատակ է, որովհետև դա մեր մշտական երկարատև անվտանգության, մեր իրավունքների ապահովման գլխավոր երաշխիքն է։ Դա մեր ընտրած ճանապարհն է, մենք ենք ընտրում մեր ճանապարհը»,- հայտարարել է պետական նախարարը՝ նշելով, որ արցախցիները երբեք չեն հրաժարվելու կարգավիճակի հարցից։

Նա նշել է Արցախի «կարմիր գծերը»՝ հայտարարելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում պարզապես չի կարող լինել։

Բեգլարյանը որոշակի մտահոգություններ ունի հայաստանյան պաշտոնյաների՝ Արցախի վերաբերյալ տարբեր հայտարարությունների մասով, բայց նշել է, որ միջազգային իրավունքում ժողովուրդների ինքնորոշման և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքն իրար չեն հակասում։