Իրանի նախագահն ընդունել է Լավրովին

109

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Տեղեկությունը փոխանցում է Իրանի նախագահի գրասենյակը:

Իրանի նախագահը, ընդգծելով Ուկրաինայում պատերազմի հնարավորինս շուտ ավարտվելու և խնդրի դիվանագիտական կարագավորման անհրաժեշտությունը, նշել է, որ Իրանը պատրաստ է աջակցել դիվանագիտական լուծում գտնելուն:

«Կասկած չկա, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի սադրանքներն այս բախումների պատճառ են դարձել: Այդ իսկ պատճառով պետք է ակտիվ լինել աշխարհում, այդ թվում՝ Արևմտյան Ասիայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում ընդլայնվելու ՆԱՏՕ-ի ջանքերի նկատմամբ»,- հավելել է Ռայիսին:

Իրանի նախագահը, շեշտելով Կասպից ծովի առափնյան երկրների համագործակցության կարևորությունը, ընդգծել է, որ այդ տարածաշրջանում պետք է բացառել ցանկացած օտար ռազմական ներկայություն:

«Համագործակցության ամրապնդումն արդյունավետ միջոց է անկախ երկրների դեմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներին դիմակայելու համար»,- ընդգծել է Ռայիսին: