Երեկ իսրայելական Channel 12 հեռուստաալիքը հաղորդել է, որ Լիբանանի և Իսրայելի միջև ծովային սահմանազատման համաձայնագիրը փոխզիջումներ է ներառելու: Իսրայելական կողմը զիջելու է տարածք ծովի ներսում, որի դիմաց Լիբանանը ափին ավելի մոտ տարածք է զիջելու:
Channel 12-ի փոխանցմամբ՝ Իսրայելը զգուշանում է չսադրել «Հեզբոլլահին» ծովային համաձայնագրի ստորագրումից առաջ:
Լիբանանի իշխանությունները որևէ կերպ չեն մեկնաբանել տարածվող այս տեղեկությունները:
«Մինչև հաջորդ շաբաթ՝ ստորագրման ակնկալվող ամսաթիվը, տարածաշրջանը կմնա անվտանգության բացառիկ ահազանգի մեջ», – նշել է հեռուստաալիքը:
Ավելի վաղ իսրայելական մեկ այլ հեռուստաալիք հայտնել էր, որ Թել Ավիվը զիջումների չի գնալու Քարիշի հանքավայրի հարցում: Իսրայելը վերջերս սկսել է շահագործել հանքավայրը՝ նավթ ու գազ արդյունահանելու նպատակով։
Իսկ լիբանանական «Հեզբոլլահ» կուսակցության գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը նախազգուշացրել է, որ իր կուսակցությունը «կգնա էսկալացիայի այն դեպքում, եթե Լիբանանը չստանա իր նավթային իրավունքները»:
Նշենք, որ Լիբանանի և Իսրայելի միջև տարիներ շարունակ հակասության առարկա է դարձել Միջերկրական ծովում 860 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող տարածքը, որը հարուստ է նավթով և գազով: Կողմերի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթանում են անուղղակի բանակցություններ՝ ծովային սահմանազատման շուրջ: