Սարիբեկյանը և Բալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով ՄԻԵԴ վճիռը հերթական անգամ հաստատում է, որ Ադրբեջանը բացահայտորեն խախտում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները, այս մասին ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
«Այն նաև փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված յուրաքանչյուր հայ, անկախ կարգավիճակից, ուղղակիորեն վտանգված է», – նշում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, վճիռը վերաբերում է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի՝ Ադրբեջանի ռազմական ոստիկանության բաժանմունքում մահվան հանգամանքներին: Մանվել Սարիբեկյանը 2010թ.-ի սեպտեմբերի 11-ին եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել էր Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում և հայտնվել ադրբեջանական կողմում, իսկ 1 ամիս անց՝ 2010թ.-ի նոյեմբերի 4-ին, Սարիբեկյանի դիակը հանձնվել է հայկական կողմին: Ըստ ադրբեջանական վարկածի՝ հայ հովիվն ինքնասպանություն էր գործել Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումում:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար կասկածից վեր է, որ Սարիբեկյանը ենթարկվել է չափազանց լուրջ և դաժան տառապանքների, որոնք նրան հասցվել են միտումնավոր՝ ադրբեջանական իշխանությունների ուղղակի վերահսկողության ներքո գտնվող կալանավորված անձի նկատմամբ», – ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ: