Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մամուլի ասուլիս են տվել՝ անդրադառնալով ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցերի։
«Վրաստանը Ադրբեջանի ամենակարևոր բարեկամ և գործընկեր երկրներից է, իսկ Ադրբեջանը Վրաստանի ամենից կարևոր ռազմավարական գործընկերն է»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Ղարիբաշվիլին անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների սկսման համաձայնությանը՝ շեշտելով ավելի վաղ իր առաջարկած «Խաղաղ հարևանության նախաձեռնությունը»՝ վերահաստատելով, որ այն չի հակասում կամ փոխարինում համագործակցության այլ ձևաչափերին։
Ըստ Վրաստանի վարչապետի՝ կողմերը քննարկել են երկկողմ առևտրային, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ նախագծերն ու դրանց կարևորությունը, հատկապես՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի կարևորությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի։ Վերջին անգամ Ալիևը Վրաստան էր մեկնել 2015 թվականին։