Իրանի «Ազգային անվտանգության հետազոտական ինստիտուտի» եւ Թեհրանի «Աբրար մոասեր» միջազգային հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին անցկացվել է քննարկում՝ «Հայաստանի մոտեցումը՝ Կովկասի ապագայի նկատմամբ և տարածաշրջանային ու միջազգային ուժերի ազդեցութունը տարածաշրջանի ապագայի վրա» խորագրով:
Քննարկմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը: Դեսպանը մանրամասներ է ներկայացրել 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի վարած ոչ կառուցողական քաղաքականության մասին, նշել, որ պատերազմին Բաքուն ահաբեկիչների է ներգրավել, որոնց մի մասը դեռ չեն հեռացել տարածաշրջանից: Նա խոսել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիան դատապարտելու մասին, նաև հիշատակել Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունները՝ ընդգծելով, որ դա ուղերձ էր ամբողջ աշխարհին: Դեսպանը նշել է, որ ՀՀ-ն պատրաստ է Թեհրանում մասնակցել 3+3 ձևաչափով 2-րդ հանդիպմանը: Ավագյանը նաև կարևորել է Հյուսիս-Հարավ, Պարսից ծոց-Սև ծով միջանցքների գործարկումը: Նա նշել է, որ ՀՀ-ն Սյունիքում ենթակառուցվածքային նախագծեր է իրականացնում է և ողջունում է դրանց իրանական ընկերությունների մասնակցությունը:
Հանդիպմանը իրանցի փորձագետ Շոաիբ Բահմանը, խոսելով միջանցքի հարցում ՌԴ դիրքորոշման մասին, նշել է, որ Մոսկվայի մոտեցումն այն է, որ միջանցքը լինի ՀՀ ինքնիշխանության ներքո, բայց վերահսկողությունն իրականացնի ՌԴ-ն:
Փորձագետ Ահմադ Քազեմին խոսել է Կովկասում Իսրայելի դերակատարման մասին՝ նշելով, որ Իսրայելը Ադրբեջանն իր բազայի է վերածում և դա ուղղված է Իրանի, Հայաստանի, ՌԴ և Չինաստանի դեմ: Նա շեշտել է, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ փակելու համար Թուրքիան ջանում է լիովին մեկուսացնել Հայաստանին և կտրել Իրանի հետ կապը և այդ հարցում Իսրայելի ու Թուրքիայի շահերը համընկնում են: Միջազգային հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանը խոսել է հայ-իրանական հարաբերություններում առկա բացի մասին: Նա ընդգծել է, որ երկու երկրների հասարակությունները միմյանց լավ չեն ճանաչում և միմյանց մասին պատկերացում են կազմում 3-րդ աղբյուրներից:
Նա ընդգծել է համատեղ բանկ, ԱՏԳ-ներ ստեղծելու, Հայաստանի ենթակառուցվածքները զարգացնելու անհրաժեշտությունը, կարևորել միջխորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվացումը; Մովահեդիանը խոսել է նաև երկու երկրների ԶԼՄ-ների միջև հաղորդակցության ամրապնդման, մշակութային, կրթական, զբոսաշրջային համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին: Փորձագետը նշել է, որ Հայաստանն ու Իրանը ՌԴ, Հնդկաստանի ու Վրաստանի հետ համագործակցությամբ պետք է ռազմական դաշինք ստեղծեն: